Ընթերցում ենք Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Հուշեր

102 տարի առաջ այս օրը` ապրիլի 14-ին, լույս աշխարհ է եկել 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծներից մեկը` Համո Սահյանը: Նրա մտավորական, մարդ, հայր տեսակի մասին «Ժողովուրդ»-ին պատմել է բանաստեղծի որդին` «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրի Սահյանը: «Մի տեղ իշխան ու տեր, մի տեղ համեստ հովիվ» Հայրս հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաեւ՝ ամաչկոտ: Իր մեջ էդ եսը, էգոն չկար: Ինչպես բոլորն էին, այնպես էլ ինքն էր: Բայց, միեւնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչեւ հոգուդ հատակը: Խորհուրդ չէր տալիս, ուրիշ տեսակ մարդ էր… Նրա ակնհայտ սովորություններից մեկը շատ ծխելն էր: Միշտ էր ծխում. օրը մի քանի տուփ: Մաման ինձ ու եղբորս սովորեցրել էր, որ եթե պապան աշխատում էր, մենք պետք է լուռ մնայինք, բայց հայրս պահանջկոտ չի եղել երբեք եւ ոչ մի հարցում: Իր ներկայությունն արդեն իսկ հերիք էր, որ մենք խելոք մնայինք: «Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ» Հայրս գործի մեջ պարփակված մարդ էր: Երբ դեռ փոքր էինք, այդ ժամանակվանից մեզ համար Թումանյան ու Բակունց էր կարդում, կաթիլ-կաթիլ լցնում մեր մեջ: Իսկ, առհասարակ, նա համարում էր, որ ինչի արժանի ես, դրան էլ կհասնես: Միշտ ասում էր, որ երեխային չի կարելի զոռով տանել ինչ-որ ուղղությամբ. ուր գնալու է, կգնա: Երեւի իր կյանքի փորձից էր ասում: Նա 13 տարեկանից մենակ է եղել ու հասել նրան, ինչին պետք է հասներ: «Հիշում եմ լքված մի թոնիր, բերանին մամռոտած մի խուփ» Հայրս հասարակ գյուղացի էր: Նա միշտ ասում էր. «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: Նա մեծ կուլտուրայի տեր մարդ էր: Երբեք ոչ ոքի սպասեցնել չէր տալիս. միշտ առաջինը ինքն էր գնում հանդիպման: «Աշխարհում միշտ բաց են եղել դռներս կրնկի վրա…» Մենք ապրում էինք մի շենքում, որտեղ մի շարք ուրիշ գրողներ էին ապրում: Բոլորն իրար հարեւան էին: Նրանց մասնակցությամբ հավաքներ մեր տանը շատ է եղել: Գալիս էին Պարույր Սեւակը, Վահագն Դավթյանը, Նշան Մուրադյանը: Մեզնից մի հարկ վերեւում ապրում էր արձակագիր Քրիստափոր Թափալցյանը, ներքեւի հարկում` Սարմենը: Մեզ հարեւան էր նաեւ բանաստեղծ Արշալույս Սարոյանը: Մեր դռները միշտ բաց էին իրար առաջ: Մի ուրիշ եղանակ էր այդ շենքում, բոհեմական հրաշք էր, որ չգիտեմ` երբեւէ կկրկնվի, թե ոչ: «Միջոցներս… չէ, այս անտեր փողից բան չեմ հասկանում» Մենք երբեք ապահով, առավել եւս` հարուստ կյանքով չենք ապրել: «Գրքից գիրք» էինք ապրում, իսկ հորս գրքերը տպվում էին 4-5 տարին մեկ անգամ: Այդ շենքում, որտեղ ապրում էինք, բոլորն իրարից պարտքով փող էին վերցնում, բայց դրանից չէին ամաչում. Էդպես էին ապրում, հասկանո՞ւմ եք: «Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ» Հայրս միշտ ասում էր, որ իր բոլոր ստեղծագործություններն իր զավակներն են, եւ ինքը պատասխանատու է դրանց բոլորի համար: Ես իմ աչքով տեսել եմ, թե ինչպես էր մի բան գրելուց 10-15 րոպե հետո կարդում այն, բարկանում, պատռում էր ու գցում մի կողմ: Էդպես շատ է պատռել: «Կյանք իմ, դու ձրի ներկայացում, բայց ինչքան թանկ ես նստում վրաս» Հիշում եմ, որ երբ մեծերով հավաքվում էին մեր տանը, խոսում էին գրականությունից, արվեստից, ընդհանրապես, մարդուց: Թե ուր է նա ձգտում, ուր է գնում, ժամանակը նրան ուր է տանում, ինչ է պետք մարդ մնալու համար: Նրանք տեսնում էին, որ քաղաքակրթությունը մարդու մեջ սպանում է լավագույն հատկանիշները: Նրանք վախենում, սարսափում էին հագած-կապած, բայց դատարկ ու կաղապարված մարդկանցից: «Մորս ծաղիկ ծոցի մեջ կար մի ծիվ-ծիվ Հայաստան» Այդ մարդիկ Հայաստանի ապագայով էին ապրում: Հայրս իր հայրենիքը միշտ համեմատել է մոր հետ: Իր երկրի ճակատագրով մտահոգված է եղել միշտ: Նա այն համոզման էր, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք, չնայած գիտեր, որ դժվարին ճանապարհ է սպասվում: Նա ասում էր, որ եթե ժողովուրդը իր հոգով բարձր է, ուրեմն կա: Հիմա մեր ազգը հոգեւոր հայր չունի: Սահյանը, օրինակ, կարող էր այսօր մի բան ասել, որ ոչ մեկը չի ասում: Բայց քանի որ դրա հնարավորությունը չկա, հիշենք նրա խոսքերը. «Իմ երգերում ինձ ման եկեք. ես ուրիշ տեղ չկամ»: Հ.Գ. Ապրիլի 14-ին Համո Սահյանի ծննդավայրում` Սյունիքի մարզի Լոր գյուղում, կբացվի գրողի տուն-թանգարանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գրողի որդին հայտարարել էր, որ ցանկանում է վաճառել Սահյանի անտիպ արխիվը` հոր տուն-թանգարանը բացելու եւ այլ ծախսեր հոգալու համար: Երբ այս հարցը լուծվեց, արխիվը, որը ներառում է նամակներ, ստեղծագործություններ, ձեռագրեր, հեռագրեր եւ հոդվածներ, չվաճառվեց, մնաց Նաիրի Սահյանի մոտ: Նա հոր տուն-թանգարանին տրամադրել է մի շարք լուսանկարներ, փաստաթղթեր, բանաստեղծի գրասեղանը եւ այլ իրեր: Աննա Բաբաջանյան

ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ

Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Оставьте комментарий