Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք

Ամեն ինչ խառնված է. թե` մարդկանց մտքերը, թե` երկրի իրավիճակը’ պատերազմ գումարած համաճարակ։ Ես սովորություն ունեմ աչքերս բացելուն պես անպայման մտնել համացանց։ Սեպտեմբերի 27-ին արթնանալուն և լուրերը կարդալուն պես իմացա որ Ադրբեջանի կողմը հարցակում է կատարել, բայց պահի լրջությունը դեռ չէի հասկանում, որովհետև իրենք բազում անգամներ հարձակվել են ու դրանք տևել են մի քանի օր, բայց արի ու տես որ արդեն մեկ ամիս է ինչ նրանք կռիվ են անում մի բանի համար որն, իրենցը չէ։ Այս շրջանում մարդիկ սկսում են ավելի գնահատել, թե ինչ ունեն և սկսում են առժևորել դրանք։ Այսօր մեր  հանգիստ ու ապահով կյանքը մեր 18-20 տարեկան տղերքի ձեռքերում է։ Նրանք զոհվում են հանուն հայրենիքի ու հանուն մեզ, բայց ցավալին այն է որ մենք այդքանից հետո հանգիստ չենք կարող ապրել։ Ստացվում է այնպես, որ մենք ապրում ենք պատերազմի հետ 24ժամ։ Տխրում եմ, երբ տեսնում եմ որ ՄԱԿ-ը և Յունիսեֆը լռում են։ Ու՞ր է երեխայի լավագույն շահը, երբ երեխայի ընտանիքը մասնատված է, տունը’ ավիրված, իսկ մանկությանը’ աղավաղված։ Լուռ են բոլորը, միայն աղմկում է սահմանը։ Պատերազմը մենք արդեն հաղթանակել ենք քանի որ աշխարհը տեսավ, ճանաչեց Հայաստանը ու Արցախը։

Արցախա-ադրբեջանական պատերազմ

<<Արցախա-ադրբեջանական պատերազմ (1991-1994)>> 

Լեռնային Ղարաբաղի հայերի ազգային-ազատագրական պայքարի ժամանակակից փուլի հենց ամենասկզբից Ադրբեջանը ապավինեց խնդրի լուծման ուժային տարբերակին՝ հրաժարվելով քաղաքական երկխոսությունից: Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական քաղաքականության առաջին դրսևորումներից մեկը դարձավ Սումգայիթում 1988 թ. փետրվարին հայերի կոտորածը, որին հետևեց հայկական ջարդերի ալիքը Ադրբեջանի տարբեր քաղաքներում: Միաժամանակ, 1989 թվականից սկսած Ադրբեջանը շրջափակման է ենթարկում Լեռնային Ղարաբաղը և ահաբեկչություն սանձազերծում նրա բնակչության նկատմամբ. հարձակումներ գյուղերի վրա, տղամարդկանց ձերբակալություններ, անասնագողություն և ցանքատարածությունների ոչնչացում: Սկզբում հայկական գյուղերի վրա հարձակումներն իրականացվում էին գլխավորապես ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռազմական խմբավորումների կողմից, որոնք սկսեցին կազմավորվել 1989 թ. օգոստոսից: Դրանք զինելու նպատակով հարձակումներ էին ձեռնարկվում Ադրբեջանում տեղակայված Խորհրդային բանակի զորամասերի վրա և զենքեր հափշտակում: 1990 թվականից Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինյալներին միացան Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ОМОН: отряды милиции особого назначения), որոնք զինված էին ոչ միայն հրաձգային զենքերով, այլև զրահատեխնիկայով:

Ձգտելով վերջնականապես լուծել ղարաբաղյան խնդիրը ուժային մեթոդներով՝ 1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին ադրբեջանական իշխանությունները ԽՍՀՄ ներքին զորքերի ու Պաշտպանության նախարարության ուժերի աջակցությամբ իրականացրեցին Արցախի սահմանամերձ գյուղերի հայ բնակչության տեղահանման «Օղակ» («Կոլցո») խոշոր ռազմաոստիկանական գործողությունը, որը դարձավ ԼՂՀ դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ագրեսիայի նախերգանքը:

1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից ու հարակից գյուղերից ադրբեջանական կազմավորումներն առաջին անգամ հրթիռակոծեցին Ստեփանակերտը: Նույն տարվա նոյեմբերից ադրբեջանական ռազմական կազմավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերի հրթիռակոծությունները կանոնավոր ու զանգվածային բնույթ ստացան1:

Ադրբեջանի ռազմականացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման համար ռազմական ուժին նախապատվություն տալուն նպաստեց նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարածքում էին տեղակայված ԽՍՀՄ Անդրկովկասյան ռազմական օկրուգի սպառազինությունների ու ռազմամթերքի առավել խոշոր պահեստները, ինչպես նաև ծանր տեխնիկայի և ավիացիայի հիմնական ներուժը: Օրինակ՝ Ադրբեջանում գտնվում էր 15%-ով ավել ծանր սպառազինություն (տանկ, հետևակի մարտական մեքենա, զրահավոր փոխադրիչ մեքենա, խոշոր տրամաչափի հրետանի), քան Հայաստանում: Ավելի տպավորիչ էր Ադրբեջանի գերազանցությունը ռազմամթերքի պաշարների առումով: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի պահեստներում առկա էր 11 հազար վագոն ռազմամթերք, մինչդեռ Հայասատանում՝ ընդամենը 500: Միայն Աղդամի շրջանային պահեստը (728 վագոն հրետանային արկ, 245 վագոն ռեակտիվ արկ, 131 վագոն հրաձգային զենքի ռազմամթերք), որն ադրբեջանական զինված կազմավորումները զավթել էին 1992 թ. փետրվարի 23-ին, արդեն իսկ բավարար էր մեկ տարվա ընթացքում ամենօրյա բարձր ինտենսիվության ռազմական գործողություններ վարելու համար:

Օգտագործելով իր տարածքում նման ռազմական ներուժի առկայությունը՝ Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնամուխ եղավ սեփական զինված ուժերի ստեղծմանը: 1991 թ. սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահը հանրապետության Պաշտպանության նախարարության ստեղծման մասին հրամանագիր ստորագրեց: Նախագահական մեկ այլ հրամանագրով սեպտեմբերի 29-ին ստեղծվեց Ազգային պաշտպանության խորհուրդը՝ ութ հոգուց բաղկացած կազմով (որոնցից 3-ը ընդդիմության ներկայացուցիչներ էին): Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի խորհրդարանը որոշում ընդունեց ազգային բանակի ստեղծման մասին՝ դրա համար հատկացնելով երեք ամիս: Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 9-ին, Շուշիում ձևավորվեց ադրբեջանական բանակի առաջին գումարտակը, իսկ նոյեմբերի 19-ին ևս մեկ գումարտակ ստեղծվեց Լաչինում (Բերձոր)2: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցում էին մոտ 4 հազար ՕՄՕՆ-ականներ և Ադրբեջանի ժողովրդական ճակատի ևս մի քանի հազար զինյալներ:

Ռազմական շինարարության գործում Ադրբեջանը ստացավ նաև Թուրքիայի աջակցությունը: 1991 թ. հոկտեմբերի 11-ին պաշտոնական այցով Բաքու ժամանեց Թուրքիայի Գերագույն շտաբի պետ գեներալ Դողան Գյուրեշը, ով ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի հետ միասին հանդիպեց Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Բարշադլիին:

Բոլոր այս գործոնները Ադրբեջանում իշխանությունների և ընդդիմության (հանձինս Ժողովրդական ճակատի) միջև ձևավորել էին համաձայնություն` հօգուտ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման: Արցախի հանդեպ բազմակի ռազմական գերազանցություն ունենալով՝ ադրբեջանական կողմը հաշվարկում էր արագ հաղթանակի հասնել: Ռազմական գործողությունների ընդլայնումը Լեռնային Ղարաբաղին կանգնեցրել էր պաշտպանության կազմակերպման ու կատարելագործման անհրաժեշտության առջև: Այդ նպատակով հանրապետության ամբողջ տարածքում կամավորական հիմունքներով ինքնապաշտպանական ջոկատներ էին ձևավորվում: Ուժերի կենտրոնացման և նրանց գործողությունների համակարգման նպատակով կազմավորվեց ինքնապաշտպանական ուժերի շտաբը: 1992 թ. սկզբին Արցախում ձևավորվել էր ավելի քան 10 ինքնապաշտպանական ջոկատ, որոնք վերակազմավորվել էին վաշտերի և ընդգրկում էին մոտ 1000 մարդ: Սա դարձավ կանոնավոր բանակի ստեղծման ճանապարհին կարևոր քայլերից մեկը: Հետագայում ԼՂՀ Պաշտպանության բանակի թվաքանակը մի քանի անգամ աճեց:

Փետրվարի 24-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի Նախագահությունը որոշում ընդունեց միասնական հրամանատարությամբ զինված կազմավորումների իրավական կարգավիճակի մասին: ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը:

Լիակատար շրջափակման և ադրբեջանական դիրքերից ԼՂՀ հայկական բնակավայրերի անդադար գնդակոծությունների պայմաններում ղարաբաղյան զինված ուժերի առջև դրված էր դժվարին խնդիր․ ամենակարճ ժամկետներում՝

  • ճնշել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի շուրջ գտնվող ադրբեջանական հենակետերը, որոնցից իրականացվում էր քաղաքի գնդակոծությունը, 
  • բացել Ստեփանակերտը ԼՂՀ շրջկենտրոններին կապող ճանապարհները,
  • վերահսկողության տակ վերցնել Ստեփանակերտի օդանավակայանը,
  • ճեղքել բազմամյա շրջափակումը և ապահովել Հայաստանի հետ հուսալի հաղորդակցություն:

1992 թ. մայիսի 9-ին ղարաբաղյան բանակին հաջողվեց ազատագրել Շուշի քաղաքը, իսկ ևս մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, Բերձորի (Լաչին) շրջանում հաստատել ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միջանցք։

Սակայն շուտով իրադրությունը ճակատում կրկին կտրուկ սրվեց, ինչը պայմանավորված էր 1992 թ. մայիսին նախկին Խորհրդային բանակի մարտական տեխնիկայի և սպառազինությունների բաշխմամբ, որի արդյունքում Ադրբեջանի տրամադրության տակ անցավ 325 տանկ, 344 հետևակի մարտական մեքենա, 78 դեսանտի մարտական մեքենա, 38 մարտական հետախուզական մեքենա, 329 զրահափոխադրիչ ու զրահաքարշակ, 343 հաուբից և ինքնագնաց հրետանային զինատեսակներ, 63 «Գրադ» տեսակի ռեակտիվ կայանք, 52 ականանետ, 35 ՄիԳ կործանիչ, 7 ճակատային ռմբակոծիչ, Սու-25 գրոհային ինքնաթիռ և 52 Լ-29 ուսումնամարտական ինքնաթիռ, 18 ՄԻ-24 հարվածային ուղղաթիռ և 15 ռազմափոխադրիչ ուղղաթիռ, մինչև 100 զենիթահրթիռային համալիր: Մի շարք սպառազինությունների գծով Ադրբեջանը զգալիորեն գերազանցում էր Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրով նախատեսված սահմանափակումները: Սակայն նշյալ Պայմանագրին դրանք համապատասխանեցնելու միջազգային վերահսկողական մարմինների բազմաթիվ փորձերը հաջողությամբ չպսակվեցին3: 1992 թ. կեսին ադրբեջանական բանակի շարքեր էր զորակոչվել գրեթե 40 000 մարդ: 1992 թ. ամռանը նրանցից մոտ 21 000 զինվոր և սպա գտնվում էին մարտական գործողությունների գոտում: Դրանցից բացի մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցում էին նաև ՕՄՕՆ-ի ջոկատները (մինչև 4000 մարդ) և Ադրբեջանի ժողովրդական ճակատի մարտական ջոկատները (մինչև 7000 մարդ)4:

Տեխնիկայի ու կենդանի ուժի առումով բազմակի առավելություն ստանալով՝ ադրբեջանական բանակը նախկին 4-րդ Խորհրդային բանակի՝ Ադրբեջանում տեղակայված զորամասերի զինծառայողների մասնակցությամբ 1992 թ. հունիսի 12-ին լայնամասշտաբ հարձակում է սկսում, գրավում Շահումյանի շրջանը և Մարտակերտի շրջանի մեծ մասը: ԼՂՀ տարածքի մոտ 40 % հայտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, շուրջ 66 հազար մարդ դառնում է ներքին տեղահանված անձ: Միայն Մարաղա գյուղում ադրբեջանցի զինծառայողների կողմից 100 խաղաղ բնակիչ է սպանվում:

Ագրեսիայի մասշտաբների ընդլայնմամբ պայմանավորված և տարածքների հետագա զավթումը կանխելու նպատակով ԼՂՀ Գերագույն խորհրդի Նախագահությունը՝ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 12-ին հրամանագիր ընդունեց հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին: Սկսվեց 18-45 տարեկան տղամարդկանց զորահավաքը: Օգոստոսի 14-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի Նախագահության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ), որին փոխանցվեց գործադիր իշխանությունը՝ ամբողջ ծավալով և օրենսդիր իշխանությունը՝ մասնակիորեն: ՊՊԿ-ն, որը գլխավորեց Ռոբերտ Քոչարյանը, կոչված էր մոբիլիզացնել հանրապետության մարդկային ու նյութական բոլոր ռեսուրսները, ռազմական ժամանակաշրջանի կարգավիճակի բերել ձեռնարկությունները, հաստատություններն ու կազմակերպությունները, հասարակական-քաղաքական ողջ ներուժը:

Ուժերի վերախմբավորումից հետո ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվեց մինչև 1992 թ. աշունը կասեցնել ադրբեջանական բանակի առաջխաղացումը, իսկ 1993 թ.՝ ռազմաճակատում հասնել բեկման: 1993 թ. գարունից մինչև աշուն ղարաբաղյան բանակը մի շարք ծանր պարտությունների մատնեց Ադրբեջանի բանակին՝ Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրայիլի ուղղություններով և կարողացավ ապահովել ԼՂՀ անվտանգ սահմանները:

1993 թ. դեկտեմբերին Ադրբեջանը ճակատում նախաձեռնությունը խլելու հերթական փորձը ձեռնարկեց, որն ավարտվեց ձախողմամբ և հանգեցրեց Ադրբեջանի բանակի ավելի մեծ կորուստների: Հայտնվելով լիակատար ռազմական պարտության ու իշխանությունը կորցնելու շեմին՝ Ադրբեջանի ղեկավարությունը հարկադրված էր 1994 թ. մայիսին գնալ Ռուսաստանի միջնորդությամբ անժամկետ հրադադարի կնքմանը:

Հայկական դիվիզիաների կազմակերպումը և մարտական ուղին

<<Հայկական դիվիզիաների կազմակերպումը և մարտական ուղին>>

 Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտին և Հայրենականին) մասնակցել է 600 հազար հայ։

Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.։ 1941–1942թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ (Կերչի թերակղզում) և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայաստանի տարածքում Կարմիր բանակի 8 այլ դիվիզիաներ ու մի շարք բրիգադներ ևս համալրվեցին նրա զավակներով։

Հայ քաջորդիները պատերազմի ամբողջ ընթացքում մարտնչում էին ամենուրեք, ամենատարբեր ռազմաճակատներում։ Միայն Ստալինգրադի ճակատամարտի հայ մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 30 հազարի։

Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան։ Նա 1942թ. գարնանը Նովոռոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչի թերակղզում և ունեցավ ծանր կորուստներ։ Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։ Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ գվարդիական դիվիզիա։ 1942թ. սեպտեմբերից Նովոռոսիյսկի շրջանում մարտական առաջադրանքներ էր կատարում 408-րդ դիվիզիան։ Մինչև վերջնական հաղթանակը թշնամու դեմ կռվել են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Հիրավի, փառավոր էր 89-րդ «Թամանյան» (շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտական ուղին (3700 կիլոմետր), որն սկսվել էր Հյուսիսային Կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում։ Նա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր։ Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն են պատերազմի բովով անցած ու աճած մարշալները, գեներալները, Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» 3 շքանշանների լրիվ ասպետները (Սրանք հավասարեցված են հերոսներին), հայտնի ու անհայտ հազարավոր ուրիշներ։

Պատերազմի ժամանակ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան) ծովակալ, ապա նավատորմի ծովակալ էր, իսկ հետագայում Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց) ավիացիայի մարշալ էր։ Հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվեց Հովհաննես Բաղրամյանին, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում՝ Համազասպ Բաբաջանյանին և ինժեներական զորքերի մարշալի կոչում՝ Սերգեյ Ագանովին (Ագանյան)։ Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին:
Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հրամանատարներ՝ գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի։

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։ Գնդապետ, ԽԱՀՄ հետախույզ Գևորգ Վարդանյանին հերոսի կոչումը շնորհվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության (1943թ., Թեհրան), Իրանում գերմանական գործակալությունը բացահայտելու և այլ առաջադրանքների կատարման համար։

Պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները, իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը։ Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը, 3-ը բանակի, 6-ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատարներ էին։ Հայերն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (80 հազար մարդ կամ 8-րդ տեղում)։

Ապրիլյան քառօրյա պատերազմ

Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Հայկական կողմերը չեն թաքցնում զոհերի իրական թվերը՝ ավելի քան 100 հոգի:  Արցախյան կողմը, մարդկային զոհերից զատ, տվեց նաև տարածքային կորուստներ շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում: Այսպիսով, 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր տեղի ունեցավ, թեև ոչ այնքան էական, ստատուս-քվոյի փոփոխություն:

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև: 1994-ի զինադադարով և հաստատված շփման գծով Հորադիզ գյուղը մնացել է Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում:

Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտոնապես առաջինը խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը ապրիլյան ասուլիսներից մեկում. «Լելե թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր: Ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է 20 մետր: Դիրքերի համակարգի մեջ այն էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին»:

Ապա Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Լելե թեփեում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն: Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացված չէ: Բայց չի կարելի նաև անդադար հայտարարել, թե Լելե թեփեն կարևոր նշանակություն չունի: Շփման գծի այս հատվածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման լանդշաֆտի պայմաններում ամեն մի բարձունք ունի կարևոր նշանակություն:

Ամենից ցավալին ու ողբերգականն այն էր, որ Լելե թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվեց մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ:

Արցախյան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրեց տասնյակ ռազմական դիրքեր, իսկ առաջին գիծը, ինչպես հարավային ուղղությամբ, գրավվեց հակառակորդի կողմից: Մարտերի ընթացքում հայկական կողմին հաջողվեց հետ բերել կորցրած դիրքերի մի մասը:

Այսօրվա դրությամբ Արցախյան բանակը այդ հատվածում ունի 14 կորցված դիրք: Տարածքային առումով՝ ադրբեջանական կողմի գրաված դիրքերի երկարությունը շուրջ 4 կիլոմետր է, խորությունը՝ 1-1.5 կիլոմետր: Այստեղ ադրբեջանական կողմը ստացել է որոշ դիրքային առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ուղղակի կրակի տակ պահել Թալիշը կամ գյուղի որոշ հատվածներ:

Թալիշը, ինչպես և Մարտակերտի շրջանի մեծագույն մասը 1992-1994 թվականներին եղել է ադրբեջանական գրավման տակ: Թալիշը ազատագրվել է 1994-ի ապրիլին՝ զինադադարի հաստատումից օրեր առաջ: Երբ թալիշցիների մի մասը վերադարձավ գյուղ, տները ավերված էին: Նրանք նոր կյանք սկսեցին, որը, սակայն, խաթարվեց ապրիլ 1-2-ի գիշերը, երբ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մտան գյուղ, իսկ հրետանին ավերեց գրեթե բոլոր տները: Այսօր Թալիշում քաղաքացիական բնակչություն չկա:

 Ինչպիսի՞ առասպելներ և պատրանքներ  էին հյուսվել մինչև ապրիլ 1-ի կեսգիշերը, երբ Ադրբեջանը դիմեց հերթական դիվերսիային և ապա սկսեց գնդակոծել ու ռմբահարել ինչպես շփման գծի ողջ երկայնքով տեղաբաշված հայկական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերը՝ Թալիշը, Մատաղիսը և Մարտակերտը: Բնական է, Բաքվի ագրեսիային ի պատասխան, արցախյան կողմը հարվածներ հասցրեց ինչպես ադրբեջանական ռազմական հենակետերին, այնպես էլ շփման գծի երկայնքով գտնվող բնակավայրերին:

2003-ից ի վեր, երբ իշխանությունը հայր Ալիևից ժառանգեց որդին՝ Իլհամը,  Ադրբեջանը զինվում է և ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում, որ հակամարտությունը լուծելու է ռազմական ճանապարհով: Ավելի քան 10 տարիների ընթացքում Ադրբեջանը ռազմական ոլորտի վրա միլիարդավոր դոլարներ է ծախսել և կուտակել ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք: Եղել են տարիներ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է եղել, քան Հայաստանի և Արցախի ողջ բյուջեները միասին:

Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում պարզվեց, ավելի ճիշտ՝ վերահաստատվեց, որ հաղթելու համար ռազմական մեծ բյուջե և ահռելի քանակությամբ սպառազինություն ունենալը դեռ բավարար չէ, ինչպես 1991-1994 թթ. պատերազմում: Ադրբեջանը, մեծ հաշվով, չկարողացավ լուրջ հաջողության հասնել և ստիպված էր բավարարվել Լելե թեփե բլրի և Թալիշի ուղղությամբ գրաված բարձունքի վրա ադրբեջանական դրոշ ծածանելով:

Տարիներ շարունակ մենք մեզ համոզել էինք, որ հայկական և արցախյան բանակը հզոր է, ադրբեջանական բանակը՝ թույլ, կռվել չգիտի, որ եթե հակառակորդը դիմի ագրեսիայի, ապա հայկական ուժերը ոչ միայն կլռեցնեն հակառակորդին, այլև դուրս կգան Կուր-Արաքսյան միջագետք, անգամ՝ Բաքու:

Քառօրյա պատերազմը տաքգլուխ հայերի համար պետք է լինի սառը ցնցուղ: Մեծ հաշվով, հայկական բանակը չպարտվեց, իսկ ադրբեջանական բանակը՝ չհաղթեց, սակայն բոլորը հասկացան, որ ադրբեջանական բանակը այն չէ, ինչպիսին էր 1990-ական թվականներին: Ավելին, շատերը հասկացան, որ պետք չէ հակառակորդին թերագնահատել:

Երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններից ազատեց երեք բարձրաստիճան զինվորականների, որոնցից մեկը՝ նախարարի տեղակալ, անուղղակի կերպով հաստատեց, որ հայկական բանակում լուրջ բացթողումներ և խնդիրներ կան, որ հետախուզությունը և կապը լավ չեն աշխատել, որ մատակարարման հարցում առկա են եղել լուրջ թերացումներ:

Ադրբեջանում, բայց նաև միջազգային հանրության մոտ համոզմունք ու տպավորություն կար, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի և վերջինիս միջնորդությամբ՝ Արցախի թիկունքին, որ 1991-1994 թթ. պատերազմում Ադրբեջանը կռվել է ոչ թե Արցախի ու նրա ժողովրդի, ոչ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, և որ Ռուսաստանը զենքով ու զինամթերքով օգնել է հայերին՝ ընդդեմ ադրբեջանցիների:

Քառօրյա պատերազմը և դրան նախորդած ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում Ադրբեջանին, ցույց տվեց, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու թշնամիներ, որ քաղաքականության մեջ կան շահեր: Մնում է, որ մենք խելքի գանք և Ռուսաստանի հետ հաստատենք գործընկերային հարաբերություններ, այսօրվա վասալայինի փոխարեն: Հասկանանք, որ Ռուսաստանը մեր հովանավորը չէ և չի կարող լինել:

Երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում մտքափոխ եղավ և որոշեց, որ Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի փոխարեն պետք է մաս կազմել Ռուսաստանի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը, նրա այդ շրջադարձը պաշտպանողները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, դա առաջին հերթին բացատրում էին Արցախի անվտանգության նկատառումներով: Այսինքն, եթե Սարգսյանը «ոչ» ասի Վլադիմիր Պուտինին, ապա Ռուսաստանը կպատժի Հայաստանին, ինչը կնշանակի նաև պատժել Արցախին:

Ապրիլյան պատերազմն ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական մատակարարումների շարունակությունը ապացուցեցին, որ ԵՏՄ մտնելով Հայաստանն իր և Արցախի համար չլուծեց ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ անվտանգության խնդիր:

Երբ իշխանական համակարգը վերից վար կոռումպացված է, բանակը չի կարող զերծ մնալ այդ չարիքից: Քանի որ բանակը նաև փակ կառույց է, ապա դա ստեղծում է կոռուպցիայի, հովանավորչության ու  “ատկատների” ավելի մեծ գայթակղություն ու հնարավորություն, քան մյուս գերատեչություններում:

Ապրիլյան պատերազմի օրերին և հետո բազմաթիվ հրապարակումներ եղան, որ զինվորները անորակ համազգեստ և կոշիկ են հագնում, առաջին գծում կանգնած բոլոր զինվորները չէ, որ ունեն պաշտպանական համապատասխան հանդերձանք, անգամ վաճառքի են հանվել տանկերի մարտկոցները, վաճառվում է դիզվառելիքն ու բենզինը, որ գեներալները վարում են թանկարժեք ջիփեր, կառուցում ճոխ առանձնատներ: